2 Kings 2
1 Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեեն գնացին Գաղգաղայից։
2 Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթել։
3 Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեեի մոտ և ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տերն այսօր առնելու տանելու է քո մոտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։
4 Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Երիքով է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Երիքով։
5 Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեեին և ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը առնելու տանելու է քո մոտից»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։
6 Եղիան ասաց նրան. «Դու այստե՛ղ նստիր, քանի որ Տերն ինձ Հորդանան գետի ափն է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Եվ նրանք երկուսով գնացին։
7 Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնացին ու կանգնեցին հեռվում՝ Եղիայի ու Եղիսեեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանան գետի եզերքին։
8 Եղիան առավ իր մորթե վերարկուն, ծալեց ու խփեց ջրերին։ Ջրերն իրարից այս ու այն կողմ հեռացան, և նրանք երկուսով անցան ցամաքած տեղով։
9 Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսեեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տերն ինձ քո մոտից չի վերացրել»։ Եղիսեեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրա լինի»։
10 Եղիան ասաց. «Դժվար բան խնդրեցիր, բայց եթե քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպես թող լինի, ապա թե ոչ՝ թող չլինի»։
11 Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։
12 Եղիսեեն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայելի կառքը և նրա հեծյալը»։ Եվ այլևս չտեսավ նրան։ Եղիսեեն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կես արեց։
13 Նա ձեռքն առավ Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա։ Եղիսեեն վերադարձավ, գնաց կանգնեց Հորդանան գետի եզերքին,
14 վերցրեց Եղիայի մորթե վերարկուն, որ գցել էր իր վրա, խփեց ջրերին՝ ասելով. «Տե՛ր, Եղիայի Աստված, հիմա որտե՞ղ ես»։ Նա խփեց ջրերին, ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, և Եղիսեեն անցավ։
15 Երբ Երիքովի մարգարեների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսեեի վրա»։ Նրանք եկան դիմավորեցին, երկրպագեցին նրան
16 ու ասացին նրան. «Ահա մեզ՝ քո ծառաների հետ հիսուն զորեղ մարդիկ կան, թող գնան ու փնտրեն քո տիրոջը, գուցե Տիրոջ հոգին նրան վերցրել ու նետել է Հորդանան գետի եզերքը կամ մի լեռան և կամ մի բլրի վրա»։ Եղիսեեն ասաց. «Մի՛ ուղարկեք»։
17 Սակայն նրանք այնքան պնդեցին, որ նա ամաչեց ու ասաց. «Ուղարկե՛ք»։ Հիսուն հոգու ուղարկեցին, որոնք երեք օր փնտրեցին ու չգտան նրան։
18 Վերադարձան նրա մոտ, իսկ նա Երիքովում էր։ Նա ասաց նրանց. «Չէ՞ որ ասացի՝ “Մի՛ գնացեք”»։
19 Քաղաքի մարդիկ ասացին Եղիսեեին. «Մեր քաղաքում բնակվելը լավ է, ինչպես որ տեսնում ես, տե՛ր իմ, բայց ջրերը վատ են, իսկ հողը՝ անբերրի»։
20 Եղիսեեն ասաց. «Ինձ մի նոր կո՛ւժ բերեք ու այդտե՛ղ դրեք»։ Բերեցին նրա ուզածը,
21 Եղիսեեն գնաց ջրերի ակունքը և այնտեղ աղ գցելով՝ ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ես մաքրեցի այս ջրերը, որ դրանցից մահ և անբերրիություն չառաջանան”»։
22 Այդ ջրերը մաքուր դարձան, ու այդպես է մինչև այսօր, ինչպես որ ասել էր Եղիսեեն։
23 Նա այնտեղից բարձրացավ Բեթել և մինչ իր ճանապարհն էր գնում, քաղաքից դուրս եկան փոքրիկ երեխաներ ու ծաղրելով նրան՝ ասում էին. «Բարձրացի՛ր, ճաղա՛տ, բարձրացի՛ր, ճաղա՛տ»։
24 Երբ նա հետ դարձավ ու տեսավ նրանց, Տիրոջ անունով անիծեց նրանց՝ նրանց անվանելով հանցանքի և ունայնության որդիներ։ Եվ ահա անտառից երկու արջեր ելան ու այդ մանուկներից քառասուներկու հոգու պատառոտեցին։
25 Եղիսեեն այնտեղից գնաց Կարմելոս լեռը և այնտեղից վերադարձավ Սամարիա։